«Թատրոնը միանգամայն գարշելի երևույթ է, այն պատրանքների և անգործության տեղ է, որը պետք է լուծարել հանուն այն բաների, որոնց այն խոչընդոտում է՝ հանուն իմացության և գործողության, իմացական գործողության և գիտելիքով առաջնորդվող գործողության»։ Ժան Ռանսյերի պնդումը՝ բնավ ոչ մեր օգտին
Ողջու՛յն։ Մենք «Քրոնոտոպ» ժամանակավոր միավորումն ենք՝ թատերական թիմ, որը կազմված էր ամենատարբեր ինքնություններով մարդկանց ընկերական խմբից։ Մենք ապրում էինք Պետերբուրգում և զբաղվում էինք թատրոնով, ներկայացումներ էինք բեմադրում, հիմնականում Մոսկվայում՝ Մեյերխոլդի անվան կենտրոնում, հյուրախաղեր կազմակերպում, մասնակցում փառատոնների, ապագայի ծրագրեր կազմում, սակայն փետրվարի 24-ին այդ ամբողջը հոդս ցնդեց, և մենք ցրվեցինք, տեղափոխվեցինք ով ուր կարող էր։
Պղպջակը, որում մենք ֆիզիկայի մեր սեփական կանոններով մեր թատրոնն էինք կառուցել, պայթեց, մենք հայտնվեցինք Երևանում, և հիմա այստեղ՝ նոր պայմաններում, մենք ուզում ենք նոր կանոններով թատրոն ստեղծել։ Այդ կանոնները մենք դեռ չենք մտածել, բայց թվում է, որ այն ազատ համացանցի պես մի բան պետք է լինի, որն աշխարհով մեկ գտնվող տարբեր սերվերներում է և չի կենտրոնանում միայն մեկ կոնկրետ տեղում։ Այդպիսով այն անհնար է չեղարկել, արգելել, կամ հսկողության տակ վերցնել։
Ինչպես պարզվեց՝ թատրոնը լրիվ անպետք է ամեն ինչում, բացի մի բանից։ Թատրոնը թույլ է տալիս մարդկանց հավաքվել և միասին լինել։ Ոչ թե ձևական, օգտապաշտական առումով՝ նստատեղեր զբաղեցնել և դառնալ պարտերի մի մաս, այլ գոյաբանական առումով՝ նույն տարածության մեջ հավաքված մարդկանց հետ իրական, խորը, էական հաղորդակցման մեջ մտնել։ Միասին լինել՝ նշանակում է միասին մտածել և միասին գործել, վերստեղծել ինքներս մեզ և մեզ շրջապատող աշխարհը։ Թատրոնը կարող է և նորից կսկսի դա անել՝ հունիսի 2-ից 5-ը Երևանում։ Եվ դա կոչվելու է «Ժամանակավոր փառատոն»։
Դիսքլեյմեր
Մենք հասկանում ենք, որ պատերազմը չի ավարտվել և որ աշխարհում գնալով միայն աճում է լարվածությունը, բռնության, տրավմաների, մահերի և ավերածությունների քանակը։ Մենք չենք առաջարկում աչք փակել իրավիճակի վրա, ընդհակառակը, առաջարկում ենք կապեր կառուցել ահռելի արագությամբ փոփոխվող և անճանաչելի դարձող իրականությունում։
«Ժամանակավոր փառատոնով» մենք ցանկանում ենք սկիզբ դնել մի համայնքի ստեղծման, որին կկարողանան միանալ ամենատարբեր մարդիկ, տարբեր ոլորտներից, շրջաններից և մշակույթներից, տարբեր լեզուներով խոսող և աշխարհը տարբեր աչքերով տեսնող։ Հանդիպումների առիթ կարող է դառնալ արվեստը՝ կատարողական, թատերական կամ մեդիա արվեստը, կամ հաղորդակցական, իմերսիվ, սոցիալական, ցանկացած տեսակի արվեստը, և նույնիսկ դա էլ պարտադիր պայման չէ։ Քանի որ, ինչպես հիշում ենք, թատրոնը բացարձակ անպետք բան է, բայց հույս ունենք, որ Երևանում՝ մշակութային լանդշաֆտների նման անսպասելի համակցման շնորհիվ, կստեղծվի փոխադարձ մշակութային հարստացման միջավայր, և մեր այստեղ հայտնվելը և մեր գործունեությունը իսկապես օգուտ կբերեն։
Մենք հպարտանում ենք նրանով, որ փառատոնի ծրագրին մասնակցելու են և՛ հայկական անկախ թիմեր, և՛ այստեղ էմիգրացիայում գտնվող արվեստագետներ, ինչպես նաև մեր գործընկերները Թիֆլիսից, Թել-Ավիվից, Պետերբուրգից, Հելսինկիից և Բեռլինից։
Մենք հավատում ենք, որ «Ժամանակավոր փառատոնը» խոսելու և լսելու է, գործելու է, օգնելու է, մարդկանց միասին է հավաքելու, պլաններ է կազմելու, պաշտպանելու է, մտածելու է, որոշումներ է կայացնելու, համոզելու է, կիսվելու է, մտորելու է, շփվելու, զբոսնելու և պարելու նոր առիթներ է ստեղծելու՝ միավորելով և երկխոսության մթնոլորտ ստեղծելով, ինչի կարիքը բոլորս այդքան շատ ունենք։
Փառատոնի ծրագրի մեջ են մտնում ներկայացումներ և պերֆորմանսներ, բանախոսություններ և հրապարակային զրույցներ։ «Ժամանակավոր փառատոնի» միջոցառումները տեղի են ունենալու Երևանի տարբեր մշակութային հարթակներում, այդ թվում նաև բացօթյա։
«Ժամանակավոր փառատոնը» ժամանակակից թատերական և կատարողական արվեստի իրադարձություն է՝ կազմակերպված «Քրոնոտոպ» ժամանակավոր միավորման կողմից, «Փոքր թատրոնի» հետ համատեղ, HIGH FEST փառատոնի, Բաբելոն թատրոն և նորարար փորձառական արվեստի կենտրոնի՝ ՆՓԱԿ-ի աջակցությամբ։
Փառատոնի յուրաքանչյուր ներկայացման տոմսի արժեքը 5 000 դրամ է։
Տոմսերը կարելի է ձեռք բերել միջոցառման էջում և tomsarkgh.am կայքում
Դուք կարող եք նաև գնել մեկ ընդհանուր տոմս` պասս (անցագիր), որը հնարավորություն է տալիս դիտել փառատոնի բոլոր ներկայացումները։ Անցագիրն արժե 15 000 դրամ։
օնլայն — փառատոնի կայքէջի և tomsarkgh.am հարթակի միջոցով` վճարելով Visa / MasterCard / ArCa վճարային համակարգերի գործող բանկային քարտով (բացառությամբ Ռուսաստանում թողարկված քարտերի)
օֆֆլայն` կանխիկ վճարումով — Թելսել քաղաքային տերմինալների միջոցով
— Փառատոնի կայքէջով պատվիրելով տոմսի անվճար առաքում Ձեր տուն կամ օֆիս (առաքման ժամանակը համաձայնեցնելու է օպերատորը` պատվերը գրանցելուց հետո)
— Ներկայացումից կամ պերֆորմանսից մեկ ժամ առաջ տոմսերը հնարավոր կլինի գնել միայն տեղում