Ներկայացում այն մասին, թե ինչպես «Քրոնոտոպ ժամանակավոր միավորումը» այդպես էլ չկարողացավ ավարտին հասցնել Դեյվիդ Ֆոսթեր Ուոլեսի «Անվերջանալի կատակ» վեպի վրա հիմնված ներկայացումը՝ սկզբում պանդեմիայի, հետո պատերազմի պատճառով։ Այդպես էլ տեղի չունեցած ներկայացումը իդեալական կերպով մարմնավորում է պերֆորմատիվ իրականությունների միահյուսման անվերջ տևող ընթացքը։
Ներկայացման մասին
Ներկայացումը երկու գործողությամբ է
Առաջինը Դեյվիդ Ֆոսթեր Ուոլեսի «Անվերջանալի կատակ» վեպի վրա հիմնված (և պանդեմիայի ու պատերազմի պատճառով այդպես էլ տեղի չունեցած) ներկայացման փորձերի պատմությունն է։
Երկրորդը առաջին գործողությունում ներկայացումը դիտած և դրանից երկրորդ գործողությունում հայտնված հանդիսատեսների պատմություններն են։
Առաջին գործողությունը ժամանակագրության մեջ հայտնված կյանքն է։
Շաբաթների, օրերի ու ժամերի բաժանված՝ այն վերաձուլվում է՝ դառնալով այստեղ և հիմա։
Երկրորդ գործողության տեքստը գրված չէ, բայց կապված է առաջինի հետ։
Առաջինը պիեսի տեքստը, փորձերն ու առօրյա կյանքն են, որոնք իրար հետ միահյուսվում, դառնում են ներկայացման միս ու արյունը, որում մենք չենք կարողանում տարանջատել, թե ինչն է պերֆորմատիվ, ինչը՝ առօրյա։ Էապես ամեն ինչ և՛ մեկն է, և՛ մյուսը, պանդեմիայի ու վրա հասնող պատերազմի առօրեականությունից բյուրեղացվում է ներկայացումը, որի պրեմիերան տեղի չի ունենա, և գուցե հենց դա է ամենագեղեցիկ բանը, որը կարող էր պատահել դրա հետ։